ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել առանցքային պաշտոնների երեք թեկնածուներին՝ սենատոր Ջեֆ Սեշանսին նա ընտրել է գլխավոր դատախազի պաշտոնի համար, գեներալ Մայքլ Ֆլինին՝ Ազգային անվտանգության խորհրդական, կոնգրեսական Մայք Պոմպեոյին՝ ԿՀՎ-ի տնօրեն: Երեք թենածուներն էլ ընդունել են Թրամփի առաջարկը:
Ջեֆ Սեշանսի կոշտ քաղաքականությունը և ժամանակ առ ժամանակ սադրիչ հայտարարությունները ներգաղթյալների վերաբերյալ մոտ են Թրամփի հայացքներին: Սեշանսը զինված ուժերի վետերան է, Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ավագ սենատոր և ռազմավարական հարցերով ենթակոմիտեի նախագահ: Սեշանսը 20-տարի աշխատել է Կոնգրեսում և նրա թեկնածությունը կարող է դիմադրության հանդիպել Սենատի քննարկումներում: 1986-ին Սեշանսը 50 տարում երկրորդ թեկնածուն դարձավ, ում չհաստատեցին դաշնային դատավոր՝ ռասիստական հայտարարությունների պատճառով: Սեշանսը հերքում է, որ ինքը ռասիստ է, բայց ունկնդրումների ժամանակ ասել է, որ Գունավոր բնակչության առաջընթացին նպաստելու ազգային ասոցիացիայի և Հանուն քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության պես կազմակերպությունները պետք է համարել «հակաամերիկյան»:
Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայք Ֆլինն ընտրվել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական, որ պահանջում է Սենատի հաստատումը: Ֆլինը ԱՄՆ բանակի եռաստղ գեներալ է և Թրամփի մերձավոր խորհրդականներից մեկը, որ 2014-ին ազատվել է պաշտպանության նախարարության հետախուզության վարչությունից: Իր հեռացումը նա բացատրում է իսլամական էքստրեմիզմի հետ պատերազմի մասին դաժան ճշմարտությունն ասելու պատճառով: Ֆլինի հետ աշխատող պաշտոնյաներն ասում են, որ նա կառավարման ունակություններ չունի և այդ պատճառով է աշխատանքից ազատվել: Բանակային հետախուզության վետերանը երեսունամյա աշխատանքային փորձով՝ ազգային հետախուզության տնօրենի տեղակալ է եղել Օբամայի նախագահության օրոք: Նա հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության հետախուզության տնօրեն է եղել 2004- 2007-ին:
52-ամյա Մայք Պոմպեոն, որ արդեն երրորդ ժամկետով ներկայացնում է Կանզասի նահանգը Համայնքների պալատում, ԿՀՎ-ի տնօրենի անսպասելի թեկնածու էր: Նա Ներկայացուցիչների պալատի հետախուզության, էներգետիկայի և առևտրի հանձնաժողովների անդամ է: Պոմպեոն համամիտ է Թրամփի քննադատությանը Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ: Իր Թվիթերում նա գրել է. «Անհամբերությամբ եմ սպասում այդ ահավոր գործարքի բեկանմանը աշխարհում ահաբեկչության մեծագույն հավանավորի հետ»: Պոմպեոյի պաշտոնական կենսագրության համաձայն՝ նա եղել է Վեստ Պոինտի ակադեմիայի լավագույն շրջանավարտն իր դասարանում և ծառայել է Եվրոպայում: Ավարտել է Հարվարդի համալսարանի իրավունքի դպրոցը, հետո հիմնել է օդատիեզերական ընկերություն, որ առևտրային ու ռազմական ինքնաթիռների մասեր է մատակարարում:
«Voice of America»
Հ.Գ. Կարծես դժվար օրեր են սպասում թե ԱՄՆ Սենատին, թե ԱՄՆ ընտրված նախագահի առաջարկած թեկնածուներին՝ մի կողմում ժողովրդավարական արժեքները, մյուս կողմում` թեկնածուները, որ կասկածի տակ են դնում այդ արժեքները: Բոլոր դեպքերում՝ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը բանակցող վեցյակի համաձայնության արդյունք էր և ԱՄՆ-ը չի կարող միակողմանի դուրս գալ համաձայնագրից՝ առանց Մերձավոր Արևելքում լարվածության նոր ալիք ստեղծելու:
Մնում է հուսալ, որ թեկնածուները ևս կփոխվեն, ինչպես միմյանցից տարբերվում են նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը և ներկա Դոնալդ Թրամփը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ